Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ երեխա

Երեխայի խնամքը

Երեխայի խնամքը

«Առողջապահություն» հանդեսի խմբագրությանն ուղղված` երեխայի խնամքին վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխանում է Երևանի 2-րդ բուժմիավորման մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Զարինե Կոջոյանը

 

Նորածնի պորտի խնամքը

 

Պորտալարը, որով պտուղը ներարգանդային կյանքում կապված է մոր հետ, կապվում և կտրվում է նորածնի ծնվելուց անմիջապես հետո: Ծնողները պետք է ճիշտ կազմակերպեն պորտի խնամքը, քանի որ այն կարող է բակտերային վարակի աղբյուր դառնալ: Նախկինում նորածինների վարակային հիվանդությունների գերակշռող մասն առաջանում էր պորտի ոչ ճիշտ խնամքի պատճառով: Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի ծննդատներում գրեթե չեն արձանագրվել պորտից վարակ անցնելու դեպքեր, քանի որ արմատապես փոխվել են պորտալարի կտրման և ծայրանի մշակման մեթոդները: Պորտը միշտ պետք է պահել մաքուր և չոր: Նորածնի պորտը խնամելու համար նախատեսված պարագաները (մանրէազերծված թանզիֆե անձեռոցիկներ, կաթոցիկ, 70%-անոց սպիրտով սրվակ), պետք է դրվեն առանձին, ոչ մեծ արկղիկի մեջ: Պորտը մշակելուց առաջ անհրաժեշտ է ձեռքերը օճառով լվանալ, եղունգները կարճ կտրել, 70%-անոց սպիրտով մշակել ձեռքերի մատները և ափերը, մանրէազերծված թանզիֆե անձեռոցիկը թրջել սպիրտով և մշակել պորտի շրջանի մաշկը, ապա բութ մատի և ցուցամատի օգնությամբ պորտի եզրերը հնարավորին չափ հեռացնել միմյանցից` բացելով պորտի հատակը, և աջ ձեռքում պահած սպիրտով կաթոցիկից 1-2 կաթիլ կաթեցնել պորտի վրա: Վերջում պորտին դնել չոր թանզիֆե անձեռոցիկ: Հիշեք, որ մանկական տակդիրները պետք է հագցնել այնպես, որ վերջիններիս վերին եզրը լինի պորտից ցած և չշփվի պորտի հետ: Վերոհիշյալ միջամտությունը պետք է կատարել օրը 2-3 անգամ, մինչև պորտի չորանալը` 12-17 օր:

 

Նորածնի մաշկի և լորձաթաղանթների խնամքը

 

Մաշկի և լորձաթաղանթների ճիշտ հիգիենան խիստ կարևոր է, քանի որ նորածնի մաշկը խոցելի է և կարող է դառնալ «մուտքի դուռ» մի շարք ախտածին մանրէների ներթափանցման համար: Ցանկալի է, որ բոլոր միջոցառումները երեխային տհաճություն չպատճառեն, ուստի այդ ամենը պետք է անել մեծ սիրով ու գորովանքով: 

 

Ծննդյան առաջին իսկ օրվանից ամեն առավոտ պետք է լվանալ երեխայի դեմքը և ձեռքերը, սկզբում` նախապես եռացրած գոլ (32-340), ապա սենյակային ջերմաստիճանի ջրով: 

 

Մշակվում, լվացվում են աչքերը, քիթն ու ականջները

 

Աչքերը լվանում են առանձին թանզիֆե անձեռոցիկով` քունքից դեպի քիթը:

 

Ականջի խեցիները մաքրում են թանզիֆե խոնավ անձեռոցիկով: Խորհուրդ չի տրվում մաքրել արտաքին լսողական ուղիները:

 

Քթային ուղիներում հաճախ արտադրություն է կուտակվում, որը դժվարացնում է քթով շնչառությունը, խորհուրդ է տրվում նորածնի քթանցքների մեջ կաթեցնել 1-2 կաթիլ ֆիզիոլոգիական լուծույթ, օրվա ընթացքում 3-4 անգամ:

 

Ինտիմ հիգիենա

 

Ամեն անգամ աղիքները գործելուց հետո աղջիկ երեխայի հետանցքը պետք է լվանալ առաջամասից դեպի հետ ուղղությամբ, այսինքն, արտաքին սեռական օրգաններից դեպի հետանցքը, որպեսզի մանրէները չներթափանցեն սեռական օրգաններ, տղաներինը` հակառակ ուղղությամբ: Լվանալուց հետո երեխային պառկեցնում են մաքուր տակաշորի վրա և մաշկը խնամքով չորացնում: Մաշկի ծալքերին պետք է քսել մանրէազերծված բուսական կամ մանկական կոսմետիկ յուղ:

 

Հիգիենիկ լոգանքներ

 

Կարևոր հիգիենիկ արարողակարգ է ամենօրյա լոգանքը: Նորածնին հարկ է լողացնել ամեն օր` նախապես եռացրած գոլ ջրով (370): Եթե պորտի վերքը դեռևս չի չորացել, ապա լոգանքի ջրին ավելացնում են կալիումի պերմանգանատի 5%-անոց լուծույթ մինչև բաց վարդագույն դառնալը: Մինչև մեկ տարեկան երեխաների լոգանքի տևողությունը 5-7 րոպե է: Շաբաթվա ընթացքում երկու անգամ երեխային պետք է լողացնել օճառով կամ լոգանքի համար նախատեսված մանկական հատուկ շամպունով, մաշկը խնամքով չորացնել և մաշկի ծալքերին քսել կոսմետիկ նրբաքսուք կամ բուսական յուղ: Փոքրիկին պետք է լողացնել մինչև ժամը 21-ը, որպեսզի գիշերային քունը չխանգարվի:

 

Հիվանդ երեխային խնամելու որոշ հմտություններ

 

Քթի կաթիլների սրվակը տաքացնել մինչև 30-350 և երեխայի գլուխը թեքելով համապատասխան կողմ, յուրաքանչյուր քթանցքի մեջ կաթեցնել 1-2 կաթիլ: Օգտագործելուց հետո կաթոցիկը եռացնել (ապակյա մասը) և օգտագործել միայն տվյալ երեխայի համար:

 

Ականջի կաթիլների սրվակը նույնպես պետք է 2-3 րոպե պահել տաք ջրի մեջ, ականջի բլթակը ձգելով տանել հետ և վեր ուղղությամբ` լսողական անցուղին բացելու նպատակով, կաթեցնելուց հետո գլուխը 3-5 րոպեով թեքել հակառակ կողմ: 

 

Մոմիկների ուղիղ աղիք ներդնումը կատարվում է հետևյալ կերպ. նախապես ձեռքերը մշակել սպիրտով, հագնել միանվագ օգտագործման նուրբ ձեռնոցներ: Երեխային պառկեցնել ձախ կողքի վրա` աջ ոտքը կոնքազդրային հոդում ծալած վիճակում, ձախ ձեռքի մատներով բացել հետանցքը, աջ ձեռքով մոմիկը ներդնել որքան հնարավոր է խորը: 

 

Ինչպես կատարել մաքրող հոգնա

 

Սննդային, դեղորայքային թունավորումների, փորկապության որոշ դեպքերի ժամանակ հոգնայի դերն անփոխարինելի է: Մեկ լիտր ջրին ավելացնել մեկ ճաշի գդալ աղ կամ սոդա` պատրաստված լուծույթը կանխում է մանրէների և թույնների հետներծծումն աղիքների լուսանցքից արյան մեջ: Մինչև մեկ տարեկան երեխաներին մաքրող հոգնա կարելի է կատարել մեջքի վրա պառկեցրած, ոտքերը դեպի որովայն առբերված և կոնքազդրային և ծնկան հոդերում ծալած վիճակում: Կրծքահասակ երեխաների համար կիրառվում է տանձաձև հոգնա` ծայրանին վազելին կամ բուսական յուղ քսած: Մեկ տարեկանից մեծ երեխաներին հոգնա կատարելիս նրանց պառկեցնում են ձախ կողքի վրա` աջ ոտքը կոնքազդրային և ծնկահոդում ծալած: Ներմուծվող լուծույթի քանակությունը որոշվում է երեխայի տարիքով և ցուցումով (ինչ պատճառով է կատարվում հոգնան): Այսպես, օրինակ, մեկ տարեկան երեխային ներմուծվում է մոտավորապես մեկ լիտր լուծույթ, բայց ոչ միանվագ, այլ մի որոշ մասը ներմուծելուց հետո հնարավորություն է տրվում, որ աղիքները գործեն, ապա շարունակվում է հեղուկի ներմուծումը: Ծայրանն օգտագործելուց առաջ և հետո պետք է եռացնել:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2012 (294)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

18.12.2014

Հարգելի  Mane, կախված երեխայի տարիքից փորկապությունը կարող է ունենալ տարբեր պատճառներ: Նորածնային,  վաղ մանկական կամ ավելի մեծ տարիքում այն կարող է կապված լինել սննդի հետ: Նորածինների մոտ հաճախ հանդիպում է արհեստական սնունդ օգտագործելիս: Կարող է նաև որոշ հիվանդությունների դեպքում ի հայտ գալ, օրինակ`հիպոթիրեոզի, ռախիտի: Եթե փորկապությունը քրոնիկական է, ապա, նախ և առաջ, պետք է պարզել պատճառը: Տնային պայմաններում օգտագործել լուծողական դեղորայք ցանկալի չէ: Կարող եք սննդի միջոցով որոշ չափով կարգավորել: Օրինակ. մրգային հյութեր, կաթնամթերք, բջջանյութ պարունակող սնունդ, հարկավոր է խուսափել չոր և կոշտ սննդից: Կարելի է օգտագործել նաև պրոբիոտիկներ` Լինեքս, Նարինե և այլն:

mane

04.12.2014

Barev dzez inchov karoxe paymanavorvats erexayi porkaputyuny ev inch karli e anel nman depqerum

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ